Ստեփանավանի Հոբարձի գյուղում անցկացրի երկու օր: Ինձ ասացին, որ մոտակայքում գտնվող եկեղեցին չի գործում, կիսավեր վիճակում է: ՈՒզում էի տեսնել դարերի պատմություն ունեցող եկեղեցին: Եթե չլիներ կանաչապատ տարածքը, որ առանձնացնում էր քանդված շինությունը գյուղի բնակելի տներից, եթե կենտրոնում խաչքար չլիներ` հատուկենտ մոմերի հետքերով, կարելի էր պահեստի տեղ ընդունել այն: Մոտակայքում ոչ թե մեկ, այլ մի քանի քանդված եկեղեցիներ կային, որոնք իրենց խարխլված տեսքով անգամ հիացնում էին:
Նույն օրն էլ հանդիպեցի տեղի հոգևոր հովվի` Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր ՄԵՐՈՒԺԱՆ քահանա ՍՈՂՈՅԱՆԻ հետ, ով նաև շրջանի վեց գյուղերի այցելու-հովիվն է:
«ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԵՐ ՁԵՌՔՈՎ ԵՆ ՎՆԱՍՎԵԼ»
-Ինձ հանդիպած կիսավեր եկեղեցիները կարծես նաև անանուն էին, համենայն դեպս, հուշող ոչինչ չկար:
-Շատ եկեղեցիների անուններ չեն պահպանվել, լավագույն դեպքում հայտնի են դրանց ժողովրդական անվանումները` Տոլմակ, Ջգրաշեն, Կտեվան, Սղնախ, Գոմերի ժամ: Այսինքն, ժողովուրդը տեղայնացրել է եկեղեցիների անունները: Այստեղ քիչ են բնիկները. պատմական փուլերում ներգաղթած բնակչությունը տեղի պատմական արժեքների՝ սրբավայրերի, գերեզմանների հիմնավոր կրողը չէ, կապված է ուղղակի այսօրվա հողին, բայց շատ բաներ մոռացված են, չեն հիշվում:
-Ինչո՞ւ են քանդվում եկեղեցիները:
-Հիմնական գործոնը անտարբերությունն է, ինչին ոչնչով չի զիջում մարդկային գործոնը, այսինքն` եկեղեցիները, հոյակերտ խաչքարերը կոտրվում, քանդվում են մարդկանց ձեռքով, ընդ որում, ավելի շատ` հայերի: Մեծ եկեղեցիները, հատկապես` Ջգրաշենը, Տոլմակադուռը փորձել են խորհրդային տարիներին պայթեցնել, իբր նորից կառուցելու համար: Այսօր էլ պարզորոշ երևում է` ինչպես են փորձել անկյունաքարերը պայթեցնելով եկեղեցին խարխլել, բայց չի ստացվել: Շատ եկեղեցիներ փրկվել են ազնիվ մարդկանց շնորհիվ, ովքեր խորհրդային իշխանությունների օրոք պատճառաբանել են, թե դա հասարակական շինություն է և կարող է ծառայել իբրև պահեստ: Լավ վիճակում պահպանվել են Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցին (1876 թ.), Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին (5-րդ դար) և Գարգառի Սուրբ Հովհաննես եկեղեցին (1907 թ.), որի անունը ևս հստակեցված չէ: Ցարիզմի ժամանակ գյուղական կարգով վերանորոգվել է Հոբարձու եկեղեցին, որի փայտաշեն արհեստական տանիքը հետագայում փտել է, քայքայվել բնական պայմաններից և, իհարկե, անտարբեր վերաբերմունքից: Գյուլագարակի եկեղեցին, որ եղել է հարդի պահեստ, հրկիզվել է, հայտնի չէ` պատահաբա՞ր, թե՞ դիտավորյալ, ասում են` երեք օր անընդմեջ այրվել է: Արդյունքում խարխլվել է, և երկրաշարժը կարողացել է սասանել, փլուզել եկեղեցու հաստ պատերը: Այսինքն, դարձյալ մարդկային գործոնը կա: Որոշ եկեղեցիներ ավերել են տվյալ տարածքում (օրինակ, Ջգրաշեն եկեղեցու մոտ) բնակվող ցեղախմբերը: Հստակ երևում է, որ մշակութային նախանձի դրսևորում է, որովհետև չկան եկեղեցու հատկապես քանդակազարդ հատվածները` քիվերը, կամարները, սյուները: Տոլմակադուռ կոչվող եկեղեցում էլ, որտեղ «Տերն ու ծառան» հայտնի ֆիլմն է նկարահանվել, մարդկային հասակը որքան ներել է (այսպիսին է առաջին տպավորությունը), այդ չափով քարերը պոկված են: Իսկ վերևի քարերը, որ պետք է անձրևաջրերից, սառույցից պոկված լինեին, ամուր իրենց տեղում են: Մարդու միջամտությունն ակնհայտ է: Շատ կտեսնեք եկեղեցիներ, որոնց ճանապարհից նկատելի մասը ձեռք տրված չէ, իսկ չնկատվող մասն ամբողջովին քերված է. քարերն իբրև շինանյութ պոկել և օգտագործել են:
«ԱՍՈՒՄ ԵՆ` ՈՄԱՆՔ ՀԱՐԲԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԶՎԱՐՃԱՑԵԼ ԵՆ` ՄՈՒՐՃՈՎ ԽԱՉՔԱՐԵՐ ԿՈՏՐԵԼՈՎ»
-Մարդիկ քանդված եկեղեցու տարածքում մի անկյուն, մի խաչքար են գտնում` մոմ վառելու և աղոթելու համար: Սա՞ ինչպես կբացատրեք:
-Դարձյալ վատ կողմից պիտի դիտարկեմ. մոմավառությունը տարերային մի բանի են վերածել, և այն, ինչը պիտի աչքի լույսի պես պահեին` իբրև նշխար, փչացրել են: Սխալ մոմավառության հետևանքով Սուրբ Գևորգ, Սուրբ Սարգիս, Սուրբ խաչ մատուռների խաչքարերը մրի հաստ շերտով են ծածկված: Ժամանակ, ֆինանսներ ու մասնագետներ են պետք, որ դրանք մաքրվեն: Էլ չեմ ասում, որ մատուռների ներսում մոմերով այնպիսի տառեր, անվանումներ, սիրային բանաձևումներ են թողնում, ինչն արդեն մեր հոգևոր աղքատության բնութագիրն է: Ենթադրենք, թե ոմանք անդաստիարակ են և այդպես են իրենց պահում, բայց այն, որ դրանք երկար ժամանակ նույն տեսքով պահպանվում են, ցույց է տալիս, որ համայնքն անտարբեր է կամ հոգևոր առումով` փնթի:
-Վերջին շրջանում հաճախ է խոսվում հուշարձանների, տապանաքարերի պղծման դեպքերի մասին:
-Դա նույնպես լուրջ խնդիր է: Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ բավականին մեծ հուշարձանախումբ կա: Տեսնում ես` խաչի մի մասը շեղ կտրվածքով իր բնի վրա կանգնած է, մյուս մասը կոտրված, կողքի ընկած է, և կոտրվածքը թարմ է: Հստակ երևում է, որ վերջին տարիներին են խաչքարերը կոտրվել: Ասում են` ոմանք հարբած ժամանակ զվարճացել են` մուրճով խաչքարեր կոտրելով: Պատահել է, որ մինչև վերջերս լավ պահպանված ամբողջական խաչքարը հայտնաբերել ենք մեջտեղից կոտրված: Ամբողջ գերեզմանոցը մեծ մեքենաներով, բուլդոզերով շուռ է տված, եթե նայեք, կարծես ալեկոծված գերեզմանոց լինի: Գուցե ինչ-որ բան են փնտրել, գուցե պարզապես ցանկացել են պղծել գերեզմանոցը: Վարդաբլուրի եկեղեցուց հարավ-արևմուտք գտնվող գերեզմանոցը ճանապարհով բաժանել են երկու մասի, տներ ու գոմեր են կառուցել: Գիտենք, որ այդ փոքր թաղամասի տակ գերեզմաններ են, իսկ այն, ինչ պահպանվել է, դարձյալ շատ անխնամ վիճակում է:
Վանդալիզմի, աստվածամարտության էլի մեկ օրինակ. խորհրդային տարիներին որոշ խաչքարեր թաղվել են Ջգրաշեն եկեղեցու մոտ գտնվող հանդամասում, հողի տակ, պարզապես հետքը կորցնելու համար: 90-ականներին Վարդաբլուրի գյուղապետ Վռամ Գյուլզադյանը դիպվածի մասին իմանալով` որոնողական աշխատանքներ է կազմակերպել, գտել են հինգ հրաշակերտ խաչքար, որոնցից ամենամեծը հիմա Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում է: Թերթաքարե խաչքար է, որի քանդակների կեսն է պահպանվել, բայց այդ ծավալով էլ երևում է, որ մեծարժեք գործ է: Այն վերատեղադրել են որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի խաչքար:
-Ձեր հովվության եկեղեցիներից քանի՞սն են Մայր աթոռին պատկանում:
-Առավելագույնը` երեքը: Քիչ եկեղեցիներ ու մատուռներ կան, որ համայնքը վերադարձրել է Մայր Աթոռին: Ասեմ նաև հետևյալը. պատահում է, որ անվանապես նշված է եկեղեցին, հայտնի է, որ դարում է կառուցված, բայց մատուռի հիմքերն անգամ ցույց տվող գյուղացիներ չկան: Օրինակ, Կուրթան գյուղի հանդամասերում, Հնեվանքի մոտ մատուռ կա, որի մասին գյուղում մի քանի հոգի գիտի. գործի բերումով` հովիվը, որ հոտն այնտեղ է արածեցնում, և գյուղապետարանի մասնագետը: Փորձում ենք մեզ համար ճշտել եղած սրբավայրերի քանակն ու պահպանված վիճակը, ինչը, սակայն, պիտի վաղուց հաշվառված լիներ յուրաքանչյուր համայնքապետարանում: Իմ հովվության ներքո գտնվող յոթ գյուղում մոտ 20 սրբատեղի կա` մատուռ, եկեղեցի, այդ թվում` գործող, բայց չվերաօծված երկու եկեղեցի: Մատուռները հիմնականում գործում են, տանիքները քիչ թե շատ վերանորոգված են, ներսում հարմարություն է ստեղծված մոմավառության համար:
-Իսկ եթե խոսենք այդ եկեղեցիների պատմական, մշակութային նշանակությա՞ն մասին: Ինչո՞ւ են դրանք հոգածությունից դուրս մնացել: Պակա՞ս արժեքավոր են, թե՞ «աչքից հեռու»:
-Դրանք 4-5-րդ դարերի եկեղեցիներ են, գոնե հինգ եկեղեցի, վստահ կարող ենք ասել, որ 5-րդ դարի են, նույն ճարտարապետական տիպին պատկանող, նույն ձեռագրով կառուցված: Բայց քանի որ գյուղական եկեղեցիներ են, ոչ շատ հայտնի, գուցե մշակույթի նախարարությունը դեռևս չի հասցրել դրանց անդրադառնալ, վանական մեծ համալիրների և կոթողների կողքին դրանք դեռևս անտեսված են: Վերականգնողական մեծ աշխատանքներ են պահանջվում: Իբրև ուրախալի փաստ կարող եմ ասել, որ Կուրթան գյուղի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին երևանաբնակ մի բարերարի և համայնքի ներդրումով մաքրվում և բարեկարգվում է:
«ԵՐԲԵՄՆ ԻՐԵՆՑ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ՔԱՀԱՆԱՅԻՆ ՀԱՐՑՆԵԼ, ԹԵ ՈՐ ԽՄԲԻՑ Է»
-Տեղի ժողովրդի անհավատությո՞ւնն է պատճառը, որ ունենք ավեր եկեղեցիների ու խաչքարերի այս պատկերը:
-Ես շատ մեծ տարբերություն չեմ տեսնում Լոռվա և Հայաստանի այլ շրջանների բնակիչների հավատքի միջև: Այստեղ յուրահատուկ (ոչ վատ իմաստով), Լոռվա դիմագծով է հավատքը դրսևորվում:
-Դուք մեկ տարի է, ինչ Վարդաբլուրի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվն եք: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:
-Առաջին դժվարությունը քահանային ընկալելն է այնպես, ինչպես նախկինում է ընկալվել: Ստեղծվել է մի տեսակ շփոթ, գյուղացին նոր-նոր սկսում է հասկանալ` ո՞վ է քահանան, ո՞վ է աղանդավորը, երբեմն իրենց թույլ են տալիս քահանային հարցնել, թե որ խմբից է:
-20 տարի է, ինչ աղանդավորներն ակտիվորեն գործում են: Գուցե այդ ակտիվության պատճառներից մեկն էլ այն է, որ շուրջ 70 տարի խզված է եղել կապը քահանայի և ժողովրդի միջև:
-Այո, բայց այն ժամանակ կար հավատ և անհավատություն, գոնե քահանային անհավատության մեջ չէին կասկածում, այսօր տարատեսակ կեղծ ուսմունքների բովում ժողովուրդը մի տեսակ շշմած վիճակում է, և եկեղեցու, քահանայի նկատմամբ ջերմ վերաբերմունքը հապաղում է:
-Հաճախ հավատացյալ մարդիկ սնոտիապաշտությունը շփոթում են հավատի հետ: Թուղթ ու գիր անողին, մոմ թափողին, վախ բռնողին այցելելը համարվում է «սրբազան» գործ: Հոգևորականներն ի՞նչ են անում, որ մարդկանց ազատեն նաև այս շփոթից:
-Սնոտիապաշտությունը բոլոր դարերում է եղել, դա ժողովրդի հրաժարումն է կանոնավոր հոգևոր կյանքից, մի տեսակ միտում է ավելի թեթև հոգևոր կյանքի, ավելի հեշտ տարբերակի: Ասենք, մեղքից ազատվելու փոխարեն, որ կարող է բացել հաջողության դռները, ազատել հիվանդությունից, նախընտրում են գնալ գուշակների, թուղթուգիր անողների մոտ, որոնք երկու բառով կասեն, թե գործերդ հաջող կլինեն: Սա մերօրյա խնդիր չէ, շատ խոր արմատներ ունի: Քանի կա հոգևոր կյանք, մարդկային մեղք, դրա պատասխանը պիտի լինի սնոտիապաշտությունը: Այսինքն, այստեղ հատուկ պայքար պետք չէ, հավատը եթե ուժեղ լինի, մարդը տուրք չի տա սնոտիապաշտությանը, դա բաց թողած տեղ է, որ լրացվում է սին բաներով:
-Ձեր համայնքում այս առումով ինչպիսի՞ն է պատկերը:
-Որոշ գյուղերում կան մարդիկ, ովքեր իրենց աղոթք անողի պաշտոն են տվել, քորոցով ու ինչ-ինչ գրականությամբ աղոթքներ են անում հիվանդների համար, անգամ անասունների: Երբեմն հավատացյալն իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու զավակ, համոզված է, որ ճիշտ հոգևոր կյանքով է ապրում, բայց ընկնում է սնոտի բաների հետևից: Այնտեղ, որտեղ հավատացյալի և Աստծո կապը միջնորդավորված չէ եկեղեցու կարգուկանոնով, սնոտիապաշտությունը շատ արագ մուտք է գործում: Սա նման է առանց կամրջի գետն անցնելուն:
«ԱՄԵՆ ՔԱՅԼԱՓՈԽԻ ԿՀԱՆԴԻՊԵՔ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ԿԻՍՎՈՒՄ` «ՏՂԱՆ` ԻՆՁ, ԱՂՋԻԿԸ` ՔԵԶ»
-Դարձյալ անդրադառնամ եկեղեցիների, հուշարձանների խնդրին: Հնարավո՞ր է, որ վերջնականապես ավերվեն արժեքավոր կոթողները, և Դուք, որպես հովիվ, ի՞նչ եք անում նման վտանգը բացառելու համար:
-Հոգևորականներիս առաջին ծառայությունը մարդկային հոգիների պահպանությունն ու փրկությունն է, սակայն հովիվներն ունեն նաև պարտավորություն պահպանելու մշակութային, առավել ևս` քրիստոնեական ցանկացած կոթող: Բայց յուրաքանչյուր հովիվ մեծ ծավալի հովվություն է այսօր իրականացնում և միայնակ, առանց համայնքների, ՏԻՄ-երի ու համապատասխան գերատեսչության աջակցության չի կարող պահպանել մշակութային արժեքները: Օրինակ, համայնքները դեռևս չունեն խաչքարերի ու պատմական գերեզմանաքարերի ցանկ: Եվ սա խնդիր է: Դրանցից յուրաքանչյուրն անգնահատելի արժեք է: Ես ունեմ մտավախություն, որ կարող են խաչքարեր կորչել: Այսօր քիչ չեն արկածախնդիրները, այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց տների պատերի մեջ խաչքարեր ունենալ, մարդիկ, ովքեր կարող են խաչքարեր վաճառել, և եթե համայնքը, 20 տարվա անկախությունից հետո, չունի իր եզակի արժեքների ցուցակը` 10, 20 կամ 100 խաչքարի ցանկ` ամեն մեկի համառոտ կամ մանրամասն նկարագրությամբ, շատ դժվար է պահպանության մասին խոսելը:
-Իսկ եթե խոսենք մարդկա՞նց մասին։
-Գոնե ինձ, որպես երիտասարդ հոգևորականի, զարմացնում է այն, որ խաթարվել է հայի հյուրասեր կերպարը: Մարդկային հարաբերությունները գյուղում մի տեսակ քաղաքային որակ են ստացել` անտարբեր, գործնական: Մյուս կողմից, դա պայմանավորված է ծանրացած հոգեվիճակով, դժվարություններով, անորոշությամբ, իրենց աշխատանքի չգնահատվածությամբ: Իհարկե, կան նաև լուսավոր կետեր. ժողովուրդը մաքառում է, շատերը հողի հետ իրենց կապը չեն կորցնում, հանապազօրյա հացը վաստակում են այդ հողից: Իրենց մեջ խուլ, բայց լավ արձագանքը կա նախնիների հավատի: Ավագ սերունդը դանդաղ է համակերպվում եկեղեցական աշխուժացող կյանքին: Նոր սերունդն ավելի արագ, ավելի ճկուն է այդ առումով, ընկալունակ է, ավելի պարզ է: Ժողովրդի զգացողությունը, ակնկալիքները, երազանքները, հույսերը` կապված պետության և եկեղեցու հետ, ինչ-ինչ պատճառներով բթացել են: Առաջընթացը նվազագույն է, բայց կա: Ժողովրդի մեջ առկա են հասարակական չարիքներ: Առաջին չարիքն ընտանիքի գաղափարի տարերային աղավաղումն է, ամեն քայլափոխի կհանդիպեք ընտանիքի, որտեղ ամուսնալուծության պատճառով երեխաներ են կիսվում` «տղան ինձ, աղջիկը` քեզ»: Հղիության արհեստական ընդհատումներն են շատ, մեծ են արտագաղթը և դրա հետևանքները` արտաամուսնական կապեր, թմրամոլություն: Ամենամեծ ու տարածված չարիքներից մեկը հարբեցողությունն է:
«ԴԵՌԵՎՍ ՆԱԽԱՊԱՇԱՐՎԱԾ «ՏԵՐՏԵՐԻ» ԿԵՐՊԱՐԻ ՄԵՋ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ՔԱՀԱՆԱՅԻՆ»
-Ինչ-որ ժամանակ քահանան իր համայնքի ամեն ընտանիքի հյուրն է եղել, խորհրդականը, օգնականը. այսօր կա՞ նման կապ հանրության և քահանայի միջև:
-Նոր է ստեղծվում այդ տեսակի կապը: Բժշկի, մանկավարժի, որևէ մասնագետի, առավել ևս քահանայի հանդեպ մի տեսակ կանխակալ է մարդկանց վերաբերմունքը: Եթե անգամ քահանան փորձում է իրենց ընտանիքի դժվարության մեջ մտնել, մի ուսով վերցնել այդ բեռը, լուրջ դիմադրության է հանդիպում: Մի տեսակ նախապաշարված վերաբերմունք կա, որ քահանան կնունքի, պսակի, թաղման, արարողության կատարող է, գրաբար լեզվով շարական երգող. չեն ընդունում քահանայի՝ հոգևոր բժիշկ ու խոստովանահայր լինելու պարագան՝ ակամա ջուր լցնելով աղանդների ջրաղացին: Այսինքն, դեռևս նախապաշարված «տերտերի» կերպարի մեջ է ժողովուրդը պատկերացնում այսօրվա քահանային, այդպիսով ինքն էլ չօգնելով նրան, որ դրսևորվի որպես լավ հոգևորական:
Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ